«Աշխարհի գլխավոր գիտական ինտերնետ ծովահեն» Էլբակյանը պետք է մոտ $ 20 մլն տուգանք վճարի
ԱՄՆ Վիրջինիայի նահանգի դատարանը որոշում է կայացրել Ղազախստանում ապրող հայազգի երիտասարդ գիտնական Ալեքսանդրա Էլբակյանի դատական հետապնդման վերաբերյալ: Այս մասին գրում է «Комсомольская Правда»-ն:
Էլբակյանը գիտական հրապարակումների աշխարհում խոշորագույն ցանցահենային ռեսուրսի՝ Sci-Hub կայքի հեղինակն է և ադմինիստրատորը: Դատարանը պարտավորեցրել է նրան 19,8 մլն դոլար վճարել:
Բազմամիլիոնանոց տուգանքից բացի, որը միևնույն է հնարավոր չի լինի գանձել, քանի որ Էլբակյանը Ռուսաստանում է թաքնվում, դատարանը մեկ այլ որոշում էլ է կայացրել: Էլբակյանի գործողություններից տուժած արևմտյան կազմակերպություններին իրավունք կտրվի նրա կայքը խիստ ինտերնետ-գրաքննության ենթարկել՝ չինական ոճով: Մինչ օրս, ԱՄՆ-ում նման գործողությունները դիտարկվում էին որպես խոսքի ազատության սահմանափակում:
Նշենք, որ 2016-ի սկզբին հայտնի դարձավ, որ ղազախստանաբնակ հայ ուսանողուհի Ալեքսանդրա Էլբակյանը ստեղծել է Sci-Hub կայքը, որտեղից կարելի է գրեթե ցանկացած գիտական աշխատություն ներբեռնել, ընդ որում անվճար` այլ կայքերում դրա համար առնվազն $ 30 է հարկավոր: Կայքն այնքան պահանջված է դարձել, որ խոշորագույն գիտական Elsevier հրատարակչությունը հայց է ներկայացրել կայքի դեմ: