Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի նախագահն այցելել է ՀՀ ԱԳՆ
Նոյեմբերի 9-ին, ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին։ ՀՀ ԱԳ նախարարի անունից ողջունելով ԵԽ բարձրաստիճան հյուրին` Կարեն Նազարյանը կարևորեց Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում Կոնգրեսի տրամադրած փորձագիտական աջակցությունը, ի թիվս այլոց` 2016թ. հունիսին ստորագրված Ճանապարհային քարտեզի շրջանակներում։
Նա անդրադարձ կատարեց տեղական ժողովրդավարության ոլորտում Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարներին:
Հանդիպմանը քննարկվեց նաև Եվրոպայի խորհրդի և, մասնավորապես, ԵԽ Կոնգրեսի հետ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք բարձր գնահատվեց կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունը՝ արձանագրելով ԵԽ շրջանակներում Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարման հետևողականությունը և դինամիկ ընթացքը։