Երևանում նախատեսվում է տնկել Հոլանդիայից բերված շուրջ 750 000 կակաչի սոխուկ. քաղաքապետարան
Երևանում շարունակվում է նոյեմբերի 1-ին մեկնարկած աշնանային էտը: Մայրաքաղաքի փողոցների, այգիների, պուրակների, բակերի և հանրային օգտագործման այլ տարածքների ծառերից հեռացվում են չոր և հիվանդ, ինչպես նաև գերաճած ճյուղերը: Աշնանային էտն ապահովում է ծառերի դեկորատիվ տեսքը, ինչպես նաեւ զերծ պահում դրանց հիվանդություններից և կանխում հնարավոր վթարային իրավիճակները: Խոր էտ կիրառվում է բացառապես բարդիների և այն ծառերի նկատմամբ, որոնք ենթակա են քամիներից տապալվելու վտանգին:
Ծառերի աշնանային էտին համընթաց շարունակվում է նաև ծաղիկների՝ ջերմոցներ տեղափոխելու գործընթացը, իսկ մայրաքաղաքի համապատասխան հատվածները նախապատրաստվում են կակաչների նոր սոխուկների տնկման համար:
Մասնավորապես, նախատեսվում է տնկել Հոլանդիայից բերված շուրջ 750 000 կակաչի սոխուկ:
Երևանը միաժամանակ պատրաստվում է ծառատունկին: Համապատասխան վայրերում փորվում են փոսեր, նախապատրաստվում են տնկիներ: Ծառատունկի ժամանակ Երեւանում տնկվելու է շուրջ 15 000 տարբեր տեսակի ծառ:
Հիշեցնենք, որ շաբաթօրյակ-ծառատունկը տեղի կունենա նոյեմբերի 11-ին:
Նշենք նաև, որ բարձր որակ ապահովելու նպատակով բոլոր աշխատանքները վերահսկվում են Երևան քաղաքապետարանի բնապահպանության վարչության եւ վարչական շրջանների աշխատակազմերի կողմից, ներգրավված են նաև ոլորտի մասնագետներ: