Ուելսի նախարարը‚ ում մեղարդել էին սեռական ոտնձգությունների մեջ‚ ինքնասպան է եղել
Ուելսի Աշխատանքի նախարար Կարլ Սարջենթը ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Դեպքը տեղի է ունեցել այն բանից մի քանի օր հետո‚ երբ պաշտոնյայի հանդեպ հետաքննություն է սկսվել կանանց հանդեպ սեռական ոտնձգությունների և ոչ հարիր վարք ցուցաբերելու մեղադրանքով: 49-ամյա ամուսնացած տղամարդը‚ 2 երեխայի հայրը բոլոր մեղադրանքները շոկային է համարել և կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել‚ որպեսզի նա կարողանա մաքրել իր անունը վարկաբեկումից:
Նախարարի ընտանիքը հրապարակային հայտարարություն է արել տեղի ունեցածի մասին. «Կարլը սիրված ամուսին‚ հայր և ընկեր է եղել: Նա ուղղակի ընտանիքի պատիվն է եղել‚ այն օղակը‚ որը կապում էր մեզ միմյանց հետ: Նա ընտանիքի սիրտն է եղել: Մենք շատ էինք սիրում նրան:»
Դեռևս ուրբաթ օրը‚ նոյեմբերի 3-ին Սարջենթը հայտարարություն է արել‚ որտեղ խոստացել է մեղադրող կողմի «հարցերը լուծել» և հայտարարել է ինքնակամ պաշտոնից ժամանակավոր հրաժարվելու մասին: