Համբարձում Սողոմոնյանի կոնյակի գործարանը՝ Երևանում
Հայտնի է, որ Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրել է Ներսես Թաիրյանը 1887 թվականին: Սակայն մեր երկրում կոնյակագործության զարգացման համար այդ կարևոր իրադարձությունից հետո էլ Արևելյան Հայաստանի կենտրոնում՝ Երևանում նույնպես հիմնվել և հաջողությամբ գործել են կոնյակի արտադրության այլ գործարաններ: Դրանցից մեկն էր արդյունաբերող Համբարձում Սողոմոնյանի կանյակի գործարանը, որը գտնվում էր Երևանի հենց սրտում՝ Դոկտորսկայա, իսկ ներկայումս Թումանյան փողոցի 23 հասցեում:
Շատերը կհիշեն հին երևանյան այդ գեղեցիկ ու ինքնատիպ՝ խաղողի տերևների և ողկույզների զարդաքանդակներով պատված սև տուֆից կառույցը, երբ այն կանգնած էր Թումանյան փողոցում, ներկայիս Վան ատամնաբուժարանի հարևանությամբ: Տասնյակ տարիներ այն գործում էր որպես տպարան և ուներ մեծ մառան-նկուղներ: Հյուսիսային պողոտայի կառուցապատման ընթացքում շենքը ապամոնտաժվեց և տեղափոխվեց: Հիմա այն տեղակայված է Հանրապետության հրապարակին կից Մելիք Ադամյանի փողոցին և այժմ Հանրապետական կուսակցության գրասենյակն է հանդիսանում:
Կոնյակի գործարանի սեփականատեր Համբարձում Սողոմոնյանը սերում էր թիֆլիսահայ հայտնի ձեռնարկատերեր Սողոմոնյանների գերդասատնից, որոնք 1853-ին Թիֆլիսում հիմնել էին գինու և օղու գործարան: Համբարձում Սողոմոնյանը Երևանում իր գործարանը հիմնադրեց 1890-ականների կեսերին: Նա արտադրում էր ոչ միայն կոնյակ, այլ նաև գինի, օղի, լիկյոր և մրգային պահածոներ: Արտադրությունը գնալով ընդլայնվում էր, և 1910-ականների սկզբին կառուցվեց Դոկտորսկայա (Թումանյան) փողոցի վրա գտնվող այս շենքը՝ տաղանդաշատ ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով:
Հ.Գ. Տեղափոխված շենքերի ճակատագիրը՝ դա մեկ այլ թեմա է: Իմ անձնական կարծիքն է, որ դա սխալ է և խաթարում է քաղաքի պատմությունը: Որևիցե շենքի պատմական լինելու իմաստը՝ միայն իր տեղում կանգուն մնալն է:
Ռուբեն Շուխյան. Ֆեյսբուք