Փաշինյանը առաջարկում է 1-ին և 2-րդ երեխաների ծննդյան նպաստը դարձնել 500 հազար
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջարկում է բարձրացնել առաջին եւ երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 50 հազարից դարձնելով 500 հազար: Այս մասին նա նշել է այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում 25018 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:
«Մանուկների ծնունդը նվազում է, բայց կա այլ ցուցանիշ, որ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ երեխաների ծնվելու ցուցանիշն ազդում է, այսինքն՝ նրանց համար տրվող նպաստը դեր է խաղում: Չե՞ք կարծում, որ պետք է վերանայենք քաղաքականությունն ու ավելացնենք 1-ին ու 2-րդ երեխաների համար վճարվող նպաստի չափը»,-դիմելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ասաց Փաշինյանը: Նրա խոսքով, այդ ցուցանիշները ցույց են տալիս, որ թեեւ ծնելիությունը նվազում է, բայց երրորդ, չորրորդ եւ հինգերորդ երեխաների ծննդյան թիվն ավելանում է, ինչը հավանաբար պայմանավորված է միանվագ նպաստի չափով, որը 1 մլրդ եւ ավելի է։
Ի պատասխան նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ միանվագ նպաստի ավելացում չի ակնկալվում. նպաստների համար նախատեսված 10 մլրդից միայն 71 տոկոսը հատկացվում են երրորդ եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին. «Այդ ծրագրով ցանկացած ավելացում մի քանի տասնյակ միլիարդներ է պահանջում», - նշեց նախարարը։
Փաշինյանն արձագանքեց, որ երբ խոսում են, թե որտեղից լրացուցիչ գումար կարելի է գտնել, ապա կարելի է ուշադրություն դարձնել պարգեւատրումներին, պետական խրախուսանքներին, բացի այդ օրինակ՝ առողջապահության ոլորտին տրվող գումարն է պակասել, այսինքն՝ վերաբաշխումներ կարելի է անել:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքվեց նաեւ, թե արդյոք հնարավոր չէ ավանդների վերադարձը չտրամադրել միայն 85 տարին լրացած քաղաքացիներին, որովհետեւ նրանց մի մասը չի հասնում մինչեւ 85 տարեկան, հետեւաբար պետք է գումարը տրամադրել նրանց ժառանգներին։
Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ դրանք ոչ թե ավանդների վերադարձ է, այլ ներդրված ավանդի փոխհատուցում, որը տրվում է միայն անհատին։
«Ելք» խմբակցության ղեկավարը նշեց, որ աղքատության նվազման համար, կարծես թե, ոչ մի քայլ չի արվում. «Կարծես թե, ասում եք՝ դե տարվա վերջին ինչ կլինի, կլինի: Նաեւ մենք չենք ասում՝ պարտք վերցրեք, թոշակ ավելացրեք, մենք ասում ենք՝ երկիրն արդյունավետ կառավարեք, որ բյուջե լինի, աղքատությունն էլ կրճատեք»: