ԱՄՆ Տեխաս նահանգի եկեղեցում հրաձգության զոհերի թիվը աճել է
Տեխասի եկեղեցում հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 27-ի, ևս 24 մարդ վիրավորվել է։ Այդ մասին գրում է CNN-ը՝ հղում տալով կան իշխանություններին։
Նշվում է, որ զոհերի թվում նաև երեխաներ կան, այդ թվում եկեղեցու հովվի 14-ամյա դուստրը։ Հրաձգություն իրականացրած չարագործը լավ զինված է եղել։
Ոստիկանությունը շարունակում է քննչական աշխատանքները բապտիստական եկեղեցու տարածքում։ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը թվիթթերյան իր էջում գրել է, որ աղոթում է Սաթերլենդ Սփրինգս քաղաքի եկեղեցում բոլոր տուժածների համար։
Հրաձիգին չեն սպանել եկեղեցում, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ։ Դևին Պատրիկ Քելլին մահացած են գտել դեպքի վայրից ոչ հեռու՝ մեքենայում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով նահանգային իշխանությունների հայտարարությանը։
Հաղորդվում է, որ հրաձգությունից հետո զենք ունեցող տեղի բնակիչներից մեկը սկսել է հետապնդել հրաձիգին։ Դրանից հետո Քելլիին մահացած են գտել մեքենայում։ Ներկայում հայտնի չէ, թե կոնկրետ ով է սպանել հարձակվողին։ Իշխանությունները չեն բացառում ինքնասպանության վարկածը։
Հրաձիգի արարքի շարժառիթների մասին չի հաղորդվում։
Քելլին 2010-14 թթ ծառայություն է անցել ԱՄՆ ռազմաօդային ուժերում և «ամոթով» հեռացվել 2014 թվականի մայիսին՝ զինվորական դատարանի որոշմամբ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։