Մոսկվայում շուրջ 200 հոգի է ձերբակալվել
Մոսկվայի Մանեժնայա հրապարակի շրջանում և Տվերսկայա փողոցում ոստիկանները արդեն մի քանի տասնյակ մարդկանց են ձերբակալել: Այս մասին հայտնում է Republic.ru-ն:
Ոստիկանությունը ստուգում է անցորդների պայուսակները և փաստաթղթերը: ОВД-Инфо-ի տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 82 մարդ, այդ թվում նաև հայտնի լրատվականների լրագրողներ:
«Эхо Москвы» լրատվամիջոցի թղթակցի հաղորդմամբ՝ ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն է հայտարարել:
Ձերբակալումներ են տեղի ունեցել նաև Սանկտ Պետերբուրգի Սմոլնոյ ինստիտուտի մոտ: «Медиазона»-ի թղթակցի տեղեկացմամբ ձերբակալվածներից մեկի մոտ գտել են հակագազեր, դիմակներ, կացին և դանակ:
Իսկ ТАСС-ի աղբյուրը իրավապաշտպան մարմիններից փոխանցել է, որ 14,00-ի դրությամբ Մանեժնայա հրապարակից ձերբակալվել են ավելի քան 200 մարդ:
Ընդդիմադիր,«Արտպոդգոոտովկա» շարժման հիմնադիր Վյաչեսլավ Մալցևը նախկինում բազմիցս ասել է, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին Ռուսաստանում հեղափոխություն է լինելու: Նա առաջարկում էր իր աջակիցներին դուրս գալ Ռուսաստանի քաղաքների կենտրոնական հրապարակներ և մնալ այնտեղ մինչև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարական չտա: Նախօրեին նա լրատվամիջոցին հայտնել է ողջ Ռուսաստանում ավելի քան հարյուր իր աջակիցների ձերբակալության մասին:
Ավելի վաղ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ ձերբակալվել են «Արտպոդգոտովկա» շարժման անդամները, ովքեր պատրաստվում էին նոյեմբերի 4-ին և 5-ին վարչական շենքերի հրկիզումներ և ոստիկանների վրա հարձակումներ իրականացնել:РБК-ն, վկայակոչելով աղբյուրներին, գրել է, որ նոյեմբերի 4-ին Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում անցկացվել է «Արտպոդգոտովկա»-ի հետ կապված ավելի քան 20 խուզարկություն: