Հայ գինեգործ գիտնական Թաիրովին նվիրված հուշակոթողը տեղադրվել է Օդեսսայում (լուսանկարներ)
Օդեսսայում նոյեմբերի 2-ին Ակադեմիկոս Կորոլյովի և Ակադեմիկոս Վիլյամսի փողոցների խաչմերուկում` Թաիրովի հրապարակում բացել են հայտնի գիտնական Վասիլիյ Թաիրովի հուշակոթողը: Այս մասին հայտնում է Analitikaua.net-ը:
Բացման արարողությունը տեղի է ունեցել գործչի158-ամյակի առթիվ: Հուշակոթողը օրհնվել է հայ հոգևորականների կողմից:
Միջոցառումը անցկացվել է Օդեսսայի շրջանային խորհրդի ղեկավար Անատոլիյ Ուրբանսկու, տարածքային և մինիցիպալ դեպուտատների, Թաիրովի անվան խաղողի մշակման և գինեգործության ինստիտուտի տնօրեն Վյաչեսլավ Վյասովի, նաև հայկական համայնքի ներկայացուցիչների, Օդեսսայի հայկական համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանի մասնակցությամբ:
Հայր Աբգար Գլչյանը հայտնել է, որ «հուշակոթողի հեղինակն է Աշոտ Մանուկյանը, իսկ քանդակագործը` Հովնան Մանուկյանը: Հուշակոթողը, որի տեղադրումը կազմակերպել է Թաիրովի անվան Խաղողի մշակման և գինեգործության ինստիտուտը, տեղադրվել է Օդեսսայի հայկակա համայնքի հաշվին: Հուշակոթողի քարը բերվել է Հայաստանից գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի բարեգործությամբ»:
Վասիլիյ Թաիրովը (Վասիլ Գևորգի Թաիրյան) գինեգործության ուսումնասիրություններով զբաղվող առաջին գիտական հաստատության հիմնադիրն է: Հաստատությունը իր գործունեությունը սկսել է 1914 թվականին: