Սերժ Թանկյանը Հայաստանի բնակիչներին կոչ է արել «Monsanto»-ի արտադրանքից հեռու մնալ
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Հայաստանի բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ամերիկյան «Monsanto» ընկերության արտադրանքից: Նա այս մասին հայտնել է Facebook-յան իր էջում:
«Հայաստան, խնդրում եմ՝ հեռու մնա Monsanto-ից: Բավական է այն ապացույցը, որ Monsanto-ի ասփրեյները շրջակա միջավայրը թունավորել են և բերել մեղուների կտրուկ ոչնչացման: Նրանց գիշատիչ գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքը մաքուր օրգանական մթերքի վերջն են նշանակում: Դրանք ձեզ համար վնասակար են և սարսափելի համ ունեն, եթե ավելի չասեմ:
ԱՄՆ-ում և Եվրոպայում Monsanto-ն առաջին հերթին հայտնի է որպես չարիքի կորպորացիա՝ իր գործունեության, գյուղացիների հայցերի և այլնի համար: Երբ Հայաստանում եմ լինում և խնձոր եմ ուտում, այն մաքուր է, խրթխրթան և համեղ: Խնդրում եմ՝ թող այն այդպիսին էլ մնա: Ես ԱՄՆ-ում այսպիսի խնձոր չեմ կարողանում գտնել Monsanto-ի շնորհիվ»,-գրել է Թանկյանը՝ կոչ անելով տարածել իր հաղորդագրությունը: