Սիրտս զբաղված է. Էլեն Ասատրյանը՝ անձնական կյանքի, ծննդյան անակնկալների մասին և ոչ միայն
Դերասանուհի Էլեն Ասատրյանը երեկ նշում էր իր ծննդյան 22-րդ տարեդարձը: Asekose.am-ը կապ է հաստատել վերջինիս հետ՝ խոսելու ծննդյան մանրամասների, անակնկալների և շնորհավորանքների մասին:
«Կեսգիշերին, քանի որ աշխատանքիս վայրում էի, ինձ անակնկալ մատուցեցին իմ կոլեգաները՝ բոլորիս շատ հայտնի երգիչները: Նրանց շնորհիվ ծննդյանս օրվա առաջին րոպեները դիմավորեցի շատ ջերմ միջավայրում: Ամենատարբեր և հուզիչ բարեմաղթանքներ ստացա ինձ շրջապատող մարդկանցից, որոնցից մեկն առանձնացնում եմ, սակայն չեմ ցանկանում այն բարձրաձայնել»:
Այն հարցին, թե ինչ երազանք է մտապահել Էլենը տորթի մոմերը փչելիս, վերջինս ասաց, որ աչքերը փակել ու խնդրել է Աստծուն, որ ամեն բան լավ ու լուսավոր լինի.
«Ավելի ուշ կտեղադրեմ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես եմ մոմերս փչելիս երազանք մտապահում՝ Աստծուն խնդրելով, որ ամեն բան լուսավոր ու լավ լինի»:
Այն դիտարկմանը, որ շատերը տխրում են իրենց ծննդյան օրը՝ հասկանալով, որ մեկ տարով մեծանում են, Էլենն ասաց, որ դեռևս չունի այդ զգացումը.
«Ես դեռ շատ երիտասարդ եմ և դեռևս այդ զգացումը չունեմ, իսկ տխրությունը ես ավելի շատ կապում եմ ոչ թե մեծանալու, այլ երևի թե կոնկրետ ակնկալիքներ ունենալու, և դրանք չստանալու դեպքում հիասթափվելու հետ»:
Այն նկատառմանը, որ հարցազրույցներից մեկում Էլենը խոստովանել է, որ իր սիրտը զբաղված է, հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում են գտնվում նրանց հարաբերությունները.
«Միայն այն, որ հանրության առաջ բացեցի փակագծերը՝ անկեղծանալով, որ սիրտս զբաղված է, կարծում եմ դա արդեն բավական է: Չեմ ցանկանում խոսել անձնականիս մասին, քանի որ ժամանակին, երբ կորցրեցի շատ բան, դա եղավ հանրության առաջ շատ բաներ բաց պահելու արդյունքում, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում նույն սխալս երկրորդ անգամ կրկնել»: