ԱՄՆ երկնքում ինքնաթիռը բախվել է անհայտ առարկայի և վնասել քթամասը (տեսանյութ)
Ամերիկյան «Օկլահամա Սիթի Թանդեր» բասկետբոլային թիմի ինքնաթիռը Մինեապոլիսից Չիկագո թռիչքի ժամանակ օդում բախվել է անհայտ օբյեկտի, ինչի հետևանքով ինքնաթիռի քթամասում հսկայական փոս է գոյացել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Daily Mail-ին:
Թիմի խաղացողներից մեկը՝ Սթիվեն Ադամսը, լուսանկարել է վնասված ինքնաթիռը:
«Թռիչքը, մեղմ ասած, դժվար էր»,- բասկետբոլիստի խոսքն է մեջբերում պարբերականը:
Եվս մեկ բասկետբոլիստ՝ Պատրիկ Պատտերսոնը, տեսանյութ է տեղադրել Snapchat-ում, որտեղ երևում է վնասված ինքնաթիռը, և կատակով մակագրել. «Երբ օդում բախվում ես սուպերմենի հետ»:
Delta ավիաընկերությունում հայտարարել են, որ օդանավը, Չիկագոյում վայրէջք կատարելիս, ամենայն հավանականությամբ, բախվել է թռչունի հետ: