Սևանա լճի ջրի թափանցելիության ցուցանիշը 1930թ-ից ի վեր առաջին անգամ հասել է 13 մետրի
Հոկտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացել է Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ քննարկում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ էլ ներկայացվել են Սևանի լճի ջրի որակի և մակարդակի բարձրացման ցուցանիշները: Հ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ` Հայաստանը հասել է Սևանա լճի ջրի 13 մետր թափանցելիության մակարդակի, ինչը շատ լավ ցուցանիշ է:
«Արձանագրվել է, որ ջրի որակի առումով առաջին անգամ հասել ենք 1930 թվականի (մեծ ջրբացթողումների սկիզբ) թափանցելիության ցուցանիշին: Ներկայում թափանցելիությունը 13 մետր է` այն ժամանակվա միջինում 14 մետր թափանցելիության համեմատ: Նշանակում է, որ ունենք բարձրորակ ջուր, և բնական ճանապարհով Սևանա լճի բարձրացումն ապահովել է նորմալ ընթացք»,- լրագրողներին ասաց Արծվիկ Մինասյանը:
Նախարարի դիտարկմամբ` ներկայում թափանցելիության վերոնշյալ ցուցանիշը երեք անգամ ավելի է 2001 թվականի համեմատ, երբ ընդունվեց «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, և կրկնակի 2007-ի համեմատ: