Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը` Կատալոնիայի անկախության հռչակման կապակցությամբ
Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է Կատալոնիայի անկախության ինքնահռչակման փաստը.
Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ինքնուրույն որոշելու իրավունքը։
ՄԱԿ-ի մի շարք հիմնարար փաստաթղթերի համաձայն՝ միջազգային հանրությունը հանձնառություն է ստանձնել՝ խրախուսել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը և հարգել այդ իրավունքը։
Կարևոր ենք համարում, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի բացառապես խաղաղ միջոցներով և երկխոսության ճանապարհով։
Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշեցնել, որ հենց Ադրբեջանի հրաժարվելը՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և պաշտոնական Բաքվի կողմից քաղաքական հարցերի լուծման համար ուժային մեթոդների կիրառումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեցին ռազմական հարթություն։