Կան մարդիկ, ովքեր պետք է «շոու բիզնես» բառը ջնջեն բառապաշարից. ես պարզապես փրկեցի համերգս ձախողումից. Կարեն Բոքսյան (տեսանյութ)
«Հոկտեմբերի 14-ին կայացած մենահամերգս ինձ համար շատ սպասված էր: Պետք է նշեմ, որ, իսկապես, շատ մանրակրկտորեն էի պատրաստվել դրան` առաջին վայրկյանից մինչ համերգի ավարտը: Նախքան բեմ դուրս գալը, իհարկե, հուզված էի, որովհետև սա Հայաստանում նման մասշտաբներով առաջին մենահամերգս էր, առավել ևս` նման տոնական օրով, սակայն շտապում էի րոպե առաջ հայտնվել հանդիսատեսի առջև»,-Asekose.am-ին ասաց երգիչ Կարեն Բոքսյանը` անդրադառնալով վերջերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում կայացած մենահամերգին:
Կարեն Բոքսյանի խոսքով` հուզմունքը բեմ դուրս գալուց անմիջապես հետո անցել էր.
«Արդեն բեմում, տեսնելով լեփ-լեցուն դահլիճն ու հանդիսատեսին` ամեն ինչ տեղն ընկավ: Առաջին երգից իմ և հանդիսատեսի միջև կապ ստեղծվեց ու շարունակվեց non-stօp երեկոն: Ընդհանուր առմամբ, համերգի ընթացքում կատարվել է 25 երգ»:
Երգիչն ավելի վաղ խոստովանել էր, որ Երևանում մենահամերգով հանդես գալն իր մայրիկի երազանքն էր: Ի դեպ, մայրը հատուկ այդ նպատակով ԱՄՆ-ից ժամանել էր Հայաստան` որդու մենահամերգը և իր երազանքը վայելելու:
«Մայրս, թերևս, ինձնից ավելի շատ էր հուզված: Այս մասին են վկայում իր կողքին նստած ընկերներս: Համերգից հետո մայրս շնորհավորեց և ասաց, որ հպարտ է ինձանով»,-ասաց Կարեն Բոքսյանը:
Մեզ հետ զրույցում Կարեն Բոքսյանը խոստովանեց, որ մենահամերգի կազմակերպման հարցում եղել են խնդիրներ, սակայն ամեն բան իր տեղն է ընկել այն պահից, երբ ինքը սկսել է անձամբ զբաղվել ողջ գործընթացով:
«Այն րոպեից, երբ սկսեցի մենահամերգովս զբաղվել անձամբ, ամեն ինչ տեղն ընկավ`բեմի, նվագախմբի, պարային խմբի հետ կապված, ամեն ինչ հոյակապ անցավ: Պարզապես ինչպես յուրաքանչյուր երկրում, այնպես էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կտրականապես պետք է «շոու բիզնես» բառը ջնջեն իրենց բառապաշարից և չզբաղվեն այդ գործով, որովհետև իրենց վնաս տալուց բացի` իրենք առաջին հերթին մյուսներին են վնաս պատճառում, ինչպես նաև խաղում են երկրի անվան հետ, վատ տպավորություն են ձևավորում և ստվեր գցում շոու բիզնեսի մյուս ներկայացուցիչների վրա: Սակայն կրկնում եմ` այն րոպեից, երբ ժամանեցի Հայաստան և համերգիս կազմակերպչկան հարցերով զբաղվեցի ինքս` հանդիպումներ, հեռախոսազանգեր կատարելով և օգտվելով իմ ծանոթություններից, փրկեցի մենահամերգս, որովհետև թեև վատագույնը տեղի չէր ունենա, սակայն այն կձախողվեր` լինելով ոչ պրոֆեսիոնալ և անորակ: Անուններ չեմ տալիս, սակայն նրանց խորհուրդ կտամ այլ գործով զբաղվել, իրենք համերգ կազմակերպելու և շոու բիզնեսի հետ բացարձակ կապ չունեն»,-ասաց Կարեն Բոքսյանը:
Մանրամասները՝ այստեղ.