Շիրակի պետհամալսարան. կրթօջախ, թե՞ առևտրային կազմակերպություն
Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի գովազդած և բարձրաձայնած «բարեփոխումների» մասին պատկերացում կազմելու համար կարելի է ուսումնասիրել «ՇՊՀ աշխատակազմի հաստիքացուցակ և աշխատավարձի չափ» փաստաթուղթը և ամեն ինչ պարզ կդառնա,թե ինչ նախասիրություններ ունի և ինչպես է պատկերացնում ԲՈՒՀ-ի ապագան պարոն ռեկտորը:
Այսպես, ուսումնական պրոցեսը կարգավորող երկու ամենածանր ստորաբաժանումները՝ «Գիտական քաղաքականության և արտաքին համագործակցության կառավարման կենտրոնը» և «Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման և գործատուների հետ համագործակցության կենտրոնը», որոնք ղեկավարվում են երկու պրոռեկտորների կողմից, միասին ունեն ընդամենը 16 աշխատող՝ համապատասխանաբար 7 և 9 աշխատակիցներ:
Այս երկու բաժինները կատարում են ահռելի մեծ աշխատանք և հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Մինասյանը բացարձակ պատկերացում չունի բարձրագույն կրթությունից, այս բաժնի աշխատակիցները ստիպված են մի գործը մի քանի անգամ կատարել: Օրինակ՝ ուսումնական պլանների կազմումը, դասաբաշխումները համալսարանում կատարվել են 2 անգամ, անի որ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում համալսարանում «սխալ» ուսպլաններով և դասաբաշխումներով են առաջնորդվել,քանի որ դրանց հեղինակը «կրթական գործի Կոլումբոս» Սահակ Մինասյանն էր, որը Հայաստանում ներդնում էր ինտեգրված ուսուցում կոչվածը և այլ ապօրինի «նորարարություններ»:
Ուսումնասիրելով հաստիքացուցակը մի հետաքրքիր բան պարզեցի. մեր ԲՈՒՀ-ի ֆինանսատնտեսական գործունեության երկու բաժինների՝ «Ֆինանսատնտեսական վերլուծությունների,ծրագրավորման և հաշվապահական հաշվառման բաժին» և«Տնտեսական գործունեության, գնումների և լրացուցիչ ծառայությունների բաժին» երկու ստորաբաժանումների աշխատակիցների թիվը ևս կազմում է 16 աշխատակից՝ համապատասխանաբար 6 և 10 ամեն բաժնում:
Հետաքրքիր է ստացվում: Ողջ ուսումնական պրոցեսը կարգավորող և վերահսկող երկու ստորաբաժանումների աշխատակիցները և համալսարանի ֆինանսատնտեսական գործունեությունը կազմակերպող ստորաբաժանումները հավասար քանակությամբ՝16-ական աշխատակիցներ ունեն: Հասկանում եմ, որ ֆինանսները շատ կարևոր են բոլոր հիմնարկների համար:
Բայց որ ուսումնական հաստատությունում կրթության կազմակերպումով և ֆինանսատնտեսական գործունեությամբ զբաղվողների թիվը նույնը լինի, դա աբսուրդ է: Հետաքրքիր է,2 500 ուսանող ունեցող ԲՈՒՀ-ում ինչո՞վ են զբաղված այդ երկու ստորաբաժանումների 16 աշխատակիցները:
Չնայած,պատասխանը շատ պարզ է. բուֆետ են վերանորոգում 25 միլիոն դրամով,118 միլիոն դրամանոց դահլիճ են հրամցնում մեզ,միլիոնավոր դրամների ֆուրշետներ և համերգներ են կազմակերպում, առավոտնից մինչև ուշ երեկո մտածում են,թե ինչպես կրճատեն պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերը և ուսանողների զեղչերը և այլն:
Հ.Գ.Այնպիսի տպավորություն է, որ Շիրակի պետհամալսարանը ոչ թե ուսումնական հաստատություն է,այլ առևտրային կազմակերպություն:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք