Պոլսո պատրիարքի ընտրության նախաձեռնող խմբի անդամներից հրաժարական են տվել
Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ Գարեքին Բեքչյանի ընտրվելուց հետո պատրիարքի ընտրությունների կազմակերպման համար ստեղծված նախաձեռնող խմբի 3 անդամ հրաժարական են տվել: Այս մասին հաղորդել է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը:
Հոկտեմբերի 24-ի երեկոյան նախաձեռնող խմբի անդամները, նախկին փոխպատրիարք արք․ Արամ Աթեշյանը և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հանդիպել էին Ստամբուլի նահանգապետի հետ, որից երկու օր անց տեղի նախաձեռնող խմբի անդամները հայտարարեցին հրաժարականի մասին։
Ըստ տեղեկությունների՝ նախաձեռնող խմբից իրենց հրաժարականի մասին են հայտնել Սարգիս Քուլեգեչը, Անթո Քոսեդաղը եւ Խաչիկ Ջանելը։
Նշենք, որ Ստամբուլի նահանգապետի հետ հանդիպումը տեղի էր ունեցել այն ժամանակ երբ տեղապահ, արք․ Գարեգին Բեքչյանը գտնվում է Գերմանիայում։ Նա Ստամբուլ է վերադառնալու հոկտեմբերի 30-ին։