Ստացվում է, որ ՀՀ-ում պաշտոնատար անձինք կա՛մ տղա երեխաներ չունեն, կա՛մ նրանք առաջնագծում չկան. Արթուր Սաքունց
Մինչ օրս ՀՀ զինված ուժերում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի որդու՝ խաղաղ և ոչ խաղաղ պայմաններում մահացության որևէ դեպք գրանցված չէ (առնվազն 2007 թվականից ), որևէ պաշտոնյայի զավակ չի ծառայել առաջնագծում և երրորդ՝ Ապրիլյան պատերազմում զոհվածների տվյալների ուսումնասիրությունն էլ վկայում է, որ առաջնագծում երբևէ պաշտոնյաների երեխաներ չեն ծառայել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ իրավապաշտպան կազմակերպության՝ այս թեմայով մի քանի զեկույց -ուսումնասիրությունների և ԱԺ-ում քննարկվող « Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի համատեքստում:
«Հարազատ երեխաներ չկան որպես այդպիսին, և ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնատար անձինք կամ տղա երեխաներ չունեն, կամ եթե ունեն, ապա նրանք առաջնագծում չկան՝ պաշտպանության դիրքերում չեն գտնվում: Նրանց պետք է գտնել կամ Պաշտպանության նախարարության շենքում, կամ այնպիսի ծառայություններում, որոնք համարվում են զինվորական ծառայություն, բայց մարտական հերթապահության կամ զորանոցային վիճակի հետ կապ չունեն»,-ասաց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ երեկ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում Զինված ուժերի հետ օրինական հարաբերություններ ունեցողների կողքին կա 2-րդ՝ արտոնյալների խումբը, որոնք դե յուրե «ճիշտ են», բայց դե ֆակտո կարողանում են իրենց երեխաներին բանակ չուղարկել՝ առողջության պատճառով ազատվելով բանակից ՝«պճեղի մինինգիտ, ականջի խրոնիկ մեծացում» պատճառաբանություններով:
Արթուր Սաքունցն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ երեկ կատարված հրապարակումներից մեկին համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորներից 36-37-ն առհասարակ Զինված ուժերում չեն ծառայել:
Նրա՝ խոսքով ԱԺ-ում այս օրերին կուրծք ծեծող պատգամավորներից մեկի շատ մոտ ազգականը փաստացի ապրում է Վանաձորում, բայց «ծառայում է» Ստեփանավանում, և տալիս է հռետորական հարց, թե սա կարելի՞ է արդյոք համարել մարտական ծառայություն:
«Այսինքն՝ հարցն ունի շատ ավելի երկար պատմություն, քան ներկայացնում են։ Սա ուշագրավ պատկեր է այն մասին, որ պատգամավորները իրենք իսկ զինծառությունից տարբեր պատճառներով խուսափելու օրինակ են ծառայում»,-ասաց իրավապաշտպանը:
Ինչ վերաբերում է իսկապես հիվանդ զորակոչիկներին բանակ ուղարկելու դեպքերին, Արթուր Սաքունցն ասում է, որ իրենց դիմում են սոցիալապես ամենախոցելի խմբերը:
«Որոնք չունեն համապատասխան կապեր, գումարներ և հնարավորություններ՝ իրենց խնդիրները կոռուպցիոն ճանապարհով լուծելու համար: Եվ նրանք են, որ մի քանի հիվանդությունների առկայության պարագայում էլ, թեկուզ սահմանափակումներով, բայց ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար»,-ավելացրեց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը նշեց, որ բազմիցս բարձրացրել են հարցը, որ սահմանափակող (դա չի բացառում զորակոչվելը) հիվանդության վերաբերյալ եզրակացության առկայության դեպքում, երբ զինակոչիկը, այնուամենայնիվ, գնում է բանակ (հիվանդությունը ճանաչվում է սահմանափակող-պիտանի) պետք է դրանք գնահատվեն ոչ թե առանձին-առանձին, այլ օրգանիզմի ընդհանուր վիճակն ամբողջությամբ, քանի որ մարդու օրգանիզմը մեկ մարմին է: Եվ ճանաչվի ոչ պիտանի, ինչը չի արվում:
Միայն 2016 թվականին Վանաձորի ՀՔԱ-ին դիմած 6 անձանցից երեքը 2 և ավել սահմանափակումներով են ճանաչվել պիտանի, երեքն էլ ունեցել են 3-ական սահմանափակում։