Եթե Լարսին այլընտրանք չկա, ուրեմն լուրջ չէ խոսել ԵԱՏՄ պարագայում մեծ շրջանառության մասին. Սերգեյ Բագրատյան
Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետերը ապրանքաշրջանառության աճի տարբեր թվեր են ներկայացրել: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ այս տարվա 8 ամիսներին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 23.5 տոկոսով, իսկ Դմիտրի Մեդվեդևը նույն ժամկետի համար նշել է 30 տոկոս աճի մասին:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Սերգեյ Բագրատյանը` նկատելով, որ վարչապետները, հավանաբար, օգտվել են տարբեր մեթոդաբանական հաշվարկներ իրականացրած աղբյուրներից:
«Տնտեսագիտության մեջ առևտրաշրջանառության հաշվարկման տարբեր մեթոդներ են գործում: Կարեն Կարապետյանը օգտվել է մեր ԱՎԾ-ից, Մեդվեդևը՝ իրենց: Ես վստահ եմ, որ մեր ԱՎԾ տվյալներն ավելի ճիշտ են: Կարեն Կարապետյանը չպետք է համաձայներ Մեդվեդևի հետ, պետք է փորձեին համադրել թվերը, հասկանային, թե որտեղ է վիճակագրական սխալը, նոր որոշում կայացնեին, որովհետև նման մակարդակի հարաբերությունները պետք է լինեն խիստ փաստարկված»,- ասաց պատգամավորը:
Սերգեյ Բագրատյանը նշեց, որ կուրորեն չպետք հավատալ որևէ երկրի վարչապետի հայտարարությանը` որպես բացարձակ ճշմարտություն, անգամ եթե դա հզոր երկրի վարչապետ է: «Հնարավոր է, որ երրորդ երկրներից հայկական ապրանքների ներմուծումը ՌԴ՝ ռուսական կողմից հաշվվել է որպես շրջանառություն, իսկ մենք դա չենք դիտարկել որպես շրջանառություն: Հնարավոր է, որ մենք ապրանքներ են արտահանել Վրաստան, օրինակ, կամ Թուրքմենստան, որտեղից էլ արտահանվել է ՌԴ ու ՌԴ-ն սա գնահատել է որպես Հայաստանից ապրանքաշրջանառություն, իսկ մենք գուցե սա չենք դիտարկել այդպիսին»,- բացատրեց Ս. Բագրատյանը:
Պատգամավորը նշեց, որ եթե Հայաստանն ու Ռուսաստանը 30 տոկոսի շրջանառություն իրականացնեին, ապա Կարեն Կարապետյանը 30 տոկոսի փոխարեն 40 տոկոս կհայտարարեր, բայց քիչ թիվ չէր ասի:
Բագրատյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ում շատ խնդիրներ կան և դրա մասին գիտեն նաև Ռուսաստանում, որն ամենամեծ շահառուն է և փորձում է գործընկերներին համոզել, որ ԵԱՏՄ-ում գործելը ձեռնտու է, այնինչ՝ համատեղ շրջանառության հետ կապված՝ ներմուծման, արտահանման որոշ դրույթներ չեն գործում:
«Գիտեք, որ ամենամեծ խնդիրը ճանապարհն է, Լարսն անտանելի վիճակում է, եթե Լարսին այլընտրանք չկա, ապա լուրջ չէ խոսել մեծ շրջանառության մասին: Սա բարդ խնդիր չէ, պետք է հարցը դարձնել պետական օրակարգ և լուծել: Լարսը պետք է դառնա ընդարձակ, հեշտ տրանսպորտային ճանապարհ, Լարսին այլընտրանքային երկրորդ ճանապարհ պետք է լինի: Սա պարտադիր է: Սա մեծ գումարների հարց չէ»,- շեշտեց Սերգեյ Բագրատյանը: