Տաջիկստանի սահմանին ներկայում տեղակայված է 7 000 ահաբեկիչ
Տարածաշրջանային մի շարք ԶԼՄ-ներ, հղում կատարելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությանը, հաղորդում են, որ Աֆղանստանի տարածքում՝ Տաջիկստանի հետ սահմանին ներկայում տեղակայված են 7 հազար ահաբեկիչներ. նրանք հանդես են գալիս «Տալիբան» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների կազմում:
Առհասարակ, նշված աշխարհագրական տարածքում տարաբնույթ ահաբեկչական կառույցների առկայությունը նորություն չէ: Մինչդեռ կարևոր է, որ Սիրիայում և Իրաքում ներկայում ծավալվող առավել ակտիվ միջազգային հակաահաբեկչական պայքարը նույն ծավալով, սկզբունքայնությամբ և նպատակաուղղվածությամբ շարունակվի նաև Եմենում, Լիբիայում, Նիգերիայում, Աֆղանստանում և այլ երկրներում. հատկապես վերջինը տասնամյակներ շարունակ հանդիսացել է ծայրահեղականների առանցքային «դարբնոցներից»:
Հակառակ դեպքում, Իրաքից և Սիրիայից հետո «ջիհադական» պայքարը շարունակել ցանկացող հազարավոր ծայրահեղականներ իրենց գործունեությունը կշարունակեն թվարկված և մի շարք այլ երկրներում՝ հավելյալ լարվածություն առաջացնելով տարբեր տարածաշրջաններում: Գաղափարաքարոզչական ուղղությանը զուգահեռ՝ իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարի ռազմական հարթությունը պարզապես այլընտրանք չունի:
Արմեն Պետրոսյան. Ֆեյսբուք