Կանազի մշակույթի պալատը մնալու է քաղաքապետարանի բալանսում․ Հրանտ Թոխատյան
«Կանազի մշակույթի պալատը մնում է պետական, սուտ է, ինձ նվեր չեն տվել, մնում է քաղաքապետարանի բալանսում: Մենք վարձակալում ենք այդ շենքը, բայց ամեն ամիս վարձ տալու փոխարեն շենքը խելքի ենք բերելու»,- ասել է դերասան Հրանտ Թոխատյանը Կենտրոն հեռուստաընկերության եթերում:
«Այդ շենքը շատ պատահաբար գտել էր այն ժամանակվա Էկոնոմիկայի նախարար Երիցյանը: Հերթական զրույցի ժամանակ, որ ասում էի՝ մեզ թատրոն է պետք և այլն, ասաց՝ այսպիսի շենք կա: Ասաց՝ եկեք այս շենքը տրամադրենք ձեր ծրագրին, խոսքը 2007 թ. մասին է: Իսկ մինչև այդ դիմումներ եղել են 90-ականներից: Այսպես 11 տարի հետո, մենք կարողացանք մեր ծրագրով ապացուցել, որ արժի այդ շենքը տրամադրել այդ գործին: Շենքը մնում է պետական, սուտ է, ինձ նվեր չեն տվել, մնում է քաղաքապետարանի բալանսում: Մենք վարձակալում ենք այդ շենքը, բայց ամիս-ամիս վարձ տալու փոխարեն շենքը խելքի ենք բերելու»,-նշեց նա:
Նա հայտնեց նաև, որ քաղաքապետարանի որոշումը դեռ չկա: Երբ լինի ավագանու նիստը, նոր կդրվի քննարկման, նիստը կորոշի՝ տալիս են, թե չէ: «Ես դիմել եմ 99 տարով, որովհետև դա մաքսիմալ ժամկետն է, եթե մաքսիմալ ժամկետը 300 տարի լիներ, ես 300 տարով կդիմեի, որովհետև այն ծրագիրը, որը ես ներկայացրել եմ ևուզում եմ կյանքի կոչել, դրա համար պետք է երկար ժամանակ ու բավականին մեծ ներդրումներ: Չի սարքվում խանութ, ռեստորան, լցակայան, որևէ բան, որ անմիջապես եկամուտ է բերելու, ես ուզում եմ ստեղծել մի բան, որն այն եկամտաբերությունը չունի, որ համարժեք լինի ներդրումային ծրագրին»,-ավելացրեց դերասանը: