ԵԱՏՄ-ում մշակվելու է վարորդական իրավունքի միասնական կանոնների վերաբերյալ համաձայնագիր. Տիգրան Սարգսյան
Երևանում հոկտեմբերի 24-25-ին կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը‚ որին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարության ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նա‚ ամփոփելով նիստի արդյունքները‚ հայտարարել է‚ որ Եվրասիական տնտեսական միության տարածքում մշակվելու է վարորդական իրավունքի միասնական կանոնների վերաբերյալ համաձայնագիր:
«Շատերին հետաքրքրում է վարորդական իրավունքի հարցը: Այս խնդրում կոնցեպտուալ մոտեցումը կլինի այն, որ մենք կսկսենք մշակել ոլորտի միասնական կանոնների վերաբերյալ համաձայնագիր: Այս ոլորտում առաջիկայում տեղի կունենան հիմնարար փոփոխություններ` կապված տրանսպորտի ոլորտում թվայնացման, նոր մեքենաների ի հայտ գալու հետ, որոնց առնչությամբ վարորդները պետք է ունենան նոր հմտություններ, գիտելիքներ»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Մասնավորապես, ըստ նրա, խոսքը գնում է անվարորդ կամ խառը տիպի մեքենաների մասին: