Հայ մանուկների փրկչի մասին պատմող ֆիլմը՝ լավագույն վավերագրական
Գլենդելում կայացած միջազգային կինոփառատոնում լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Անապատի ագռավները» (Crows of the Desert) ֆիլմը, որի ռեժիսորն է Մարթա Հուսկին՝ այդ մասին հաղորդում է The Los Angeles Times պարբերականը: Ֆիլմի հիմքում ընկած են 1915 թվականի ցեղասպանությունը վերապրած և հազարից ավել հայ մանուկներ փրկած Լևոն Յոթնեղբայրյանի հուշերը:
Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) ջանքերով ստեղծվել էին հատուկ որբահավաք խմբեր, որոնք անհավանական դժվարություններով կարողացան Սիրիայի անապատներում փնտրել և գերությունից ազատել հազարավոր հայ մանուկների և երիտասարդ կանանց: Արաբ բեդուինների ցեղախմբերից նրանք գնվում էին «մեկ հայ` մեկ ոսկի» սկզբունքով:
Որբահավաք այդ խմբերից մեկը հենց Լևոն Յոթնեղբայրյանն էր ղեկավարում, որն էլ պատկերված է ներկայացվող 1919 թվականի լուսանկարում՝ իր իսկ կողմից փրկված հայ որբերի հերթական խմբի հետ:
Ռուբեն Շուխյան. Ֆեյսբուք