Հակաիրանական հերթական դաշինքը ստեղծելու ԱՄՆ-ի փորձը կրկին դատապարտված է ձախողման
«Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ ավարտվող պատերազմից հետո Մերձավոր Արևելքում Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ հակաիրանական հերթական դաշինքը ստեղծելու ԱՄՆ-ի փորձը կրկին դատապարտված է ձախողման:
Հաշվարկներն առ այն, որ Իրաքում հենց ռազմադաշտում իրանամետ ուժերին աջակցություն ցուցաբերող իրանցի զինվորական խորհրդականներին և հրահանգիչներին ուղղված ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի «գնացեք տուն» կոչով և դրան զուգահեռ՝ Բաղդադի հետ անդրկուլիսյան բանակցությունների արդյունքում կհաջողվի Իրանին դուրս թողնել իրաքյան գործընթացներից, չեն կարող հաջողությամբ պսակվել, որովհետև Իրանի հետ առճակատման գնալը ցանկացած՝ նույնիսկ ամենաամերիկամետ իրաքցի գործչի համար գրեթե հավասարզոր է սեփական քաղաքական դամբանականը կարդալուն՝ մի իրավիճակ, որում այսօր հայտնվել է, դիցուք, Իրաքի Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին:
Ինչ վերաբերում է Իրաքից իրանցիների «տուն գնալուն», ապա այս կոչին, թերևս, ամենատպավորիչ պատասխանը Իրաքի զինված ուժերի ամենամարտունակ հատվածի՝ «Ժողովրդական աշխարհազորի» («Հաշդ ալ-Շաաբի») հրամանատարներից մեկի հայտարարություն է, ըստ որի՝ իրաքցիները չեն փոխի չորս իրանցի ռազմական խորհրդականի նույնիսկ չորս հարյուր ամերիկացի նմանատիպ մասնագետների հետ, որովհետև իրանցիները աջակցություն են տրամադրում հենց մարտադաշտում, իսկ ամերիկացիները՝ Բաղդադի «Կանաչ գոտի» անունով հայտնի ամենաանվտանգ թաղամասի իրենց հարմարավետ գրասենյակներից:
Վարդան Ոսկանյան. Ֆեյսբուք