Թոխատյանի պատասխանը Զարուհի Փոստանջյանին
Lurer.com-ը հայտնում է.
Երեկ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն տարածեց, որտեղ, մասնավորապես, ասվում էր. «Հերթական նվերը գավառական վերնախավի արյունոտ և կեղտոտ ձեռքերից` ժողովրդական արտիստի պատվավոր կոչում ստացած, գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին: Գավառական թամադայի երազանքն Արաբկիր համայնքի պատմամաշակույթային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատի տեր դառնալն է»:
Հրանտ Թոխատյանը նշեց, որ թեև ծանոթ է Զարուհի Փոստանջյանի հայտարարությաւնը, սակայն չունի ցանկություն ոչ հակադարձելու, ոչ էլ արձագանքելու. «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են մարդիկ նայում իրերին, հիմա Զարուհի Փոստանջյանն այդպես է տեսնում, ի՞նչ կարող ենք անել»,-ասաց Հրանտ Թոխատյանը:
Ճշտող հարցին՝ իսկ ինչպե՞ս է վերաբերվում հոդվածում հրապարակված վիրավորանքներին՝ մասնավորապես, նախկին պատգամավորի կողմից իրեն տրված՝ «գավառական թամադա» որակմանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իսկ ի՞նչ կարող եմ ես ասել Զարուհի Փոստանջյանին: Ոչինչ: Ոչ այս, ոչ էլ մյուս պիտակավորումների մասին որևէ բան չեմ խոսի»:
Հրանտ Թոխատյանը չցանկացավ մեկնաբանել նաև «Արվեստի այբուբեն» հիմնադրամի և իրեն փոխկապակցված անձ՝ Արամ Թոխատյանի մասին գրառմանը՝ նշելով, որ Արամ Թոխատյանն իր որդին է՝ չցանկանալով մեկնաբանել «Արվեստի այբուբեն»-ի վերաբերյալ Փոստանջյանի բերած դիտարկմանը: