Ռուսաստանը չեղարկել է թուրքական լոլիկի ներկրման արգելքը
Ռուսաստանը նոյեմբերի 1-ից չեղարկում է թուրքական լոլիկների ներկրման արգելքը: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Քննարկել ենք սահմանափակումների վերացման հարցը, այդ թվում և Թուրքիայից ներկրովող լոլիկների համար: Որոշումը ենթադրում է նոյեմբերի մեկից 50 000 տոննա լոլիկի մատակարարում Ռուսաստանի Դաշնություն: Այդ հարցն արդեն համաձայնեցվել է գերատեսչությունների միջև»,- ասել է Նովակը:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ՌԴ նախարարին կայացած որոշման համար՝ ընդգծելով, որ սահմանափակումները չեղարկվել են նախատեսված ժամկետից մեկ ամիս շուտ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2016-ի հունվարի 1-ից սահմանափակել էր Թուրքիայից մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներկրումը: Այդ որոշումը կայացվել էր 2015-ի նոյեմբերին թուրքական ուժերի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը խոցելուց հետո: