Ինչպե՞ս է հայերի արած տյունինգով «Mercedes»-ը հայտնվել Բաքվի ավտոսրահում
Բաքվի ճանապարհային ոստիկանությունը հաստատել է այն փաստը, որ 10-UU-550 պետհամարանիշներով «Meredes»-ի վրա հայկական եռագույնն է պատկերված: Այս մասին «Report»-ին հաղորդել է Բաքվի Ճանապարհային ոստիկանության պետական վարչության ճանապարհային անվտանգության քարոզչության և հանրային կառույցների հետ կապերի բաժնի պետ Վագիֆ Ասադովը:
Ասադովի խոսքով՝ այդ ավտոմեքենայի տյունինգն իրականացվել է հայկական ընկերության կողմից: «Հետաքննության ընթացքում պարզվել է, որ մեքենան պատկանում է ոմն Շահին Հանալիևի, ով ապրում է արտասահմանում: Նրա խոսքով՝ նա մեքենան ձեռք է բերել Բաքվի ավտոսրահներից մեկում»,- նշել է Ասաովը:
Մեքենայի սեփականատերը չի իմացել, որ ավտոմեքենայի վրայի դրոշը հայկական է: Նա պնդել է, որ դա Կոլումբիայի դրոշն է, ոչ թե Հայաստանի: Նա հավաստիացրել է, որ կապ չունի դրա հետ և խոստացել է հեռացնել դրոշը:
Հավանաբար մեքենան Վրաստանի տարածքով է հայտնվել Ադրբեջանում:
Ասադովը նշել է, որ համապատասխան պետական մարմինները դեպքի առթիվ քննություն են իրականացնում: