Խարկովի ողբերգական ավտովթարից հետո կինն անհետացել է
Բարեկամները փնտրում են Նատալյա Ումաևային, ով ներկա է եղել Խարկովում հայտնի ողբերգական վթարին և անհետացել է դրանից հետո: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «1+1» ուկրաինական հեռուստաընկերությանը:
«Նատալյա Նիկոլաևի Ումաևայի հարազատները փնտրում են նրան: Նա ծնվել է 1971 թվականին: Նրան չեն կարողանում գտնել Խարկովում տեղի ունեցած վթարից հետո: Ինչպես հայտնել են բարեկամները, կինն այդ իրադարձությունների ժամանակ խաչմերուկում է եղել և դստեր հետ հեռախոսով է խոսել: Հանկարծ հեռախոսում աղմուկ է լսվել, ինչ-որ տղամարդ վերցրել է հեռախոսը հաղորդել, որ վթար է տեղի ունեցել և վնասել շատ մարդկանց»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարազատները դեպքի վայրում գտել են միայն կնոջ պայուսակը, իսկ տուժածների ցանկում նրա ազգանունը չկա: Հիվանդանոցում նույնպես նրան չեն գտել:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով 5 մարդ է մահացել, ևս 6-ը՝ վիրավորվել: