ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի թարգմանել միայն մեկ երկիր
Tert.am-ը հայտնում է.
Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը ԵՄ հանձնաժողովի կողմից թարգմանվել է Եվրամիության բոլոր լեզուներով, բացի իռլանդերենից. այս մասին Tert.am-ը պարզաբանում ստացավ Եվրահանձնաժողովի լրատվական ծառայությունից:
Պարզաբանման մեջ նշված է, որ թարգմանություններն արվել են ոչ թե երկրների կողմից, այլ՝ Եվրահանձնաժողովի: «Իռլանդական իշխանությունների հետ համաձայնության արդյունքում, ներկայումս ոչ բոլոր փաստաթղթերն են թարգմանվում իռլանդերեն»,- նշված է պարզաբանման մեջ:
Նշենք, որ վերջին շրջանում քննարկվում էր, որ ԵՄ երեք երկրները մինչ այս պահը չեն թարգմանել Եվրամիության հետ Հայաստանի ստորագրելիք համաձայնագիրը: Մտահոգություններ կային, որ այդ երեք երկրների՝ համաձայնագիրը չթարգմանելու փաստը կարող էր հետաձգել կամ խոչընդոտ դառնալ դրա ստորագրման համար: