Ռուս փոխգնդապետը մեղադրվում է հայի սպանության մեջ
ՆԳՆ թոշակի անցած փոխգնդապետը ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում հայազգի տղամարդու սպանության կասկածանքով: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ՌԴ իրավապահ մարմիններին:
Կրակողի անձը հաջողվել է պարզել տեսախցիկների տեսագրությունները դիտելիս։ Նրան ձերբակալել են նախօրեին Պոդոլսկում։ Պարզվել է, որ կրակողը ՆԳՆ նախկին փոխգնդապետ, Պոդոլսկի շրջանի մասով ՆԳՆ վարչության նախկին աշխատակից է , որը 2016-ին է թոշակի անցել։
«Ձերբակալվածի խոսքով, սպանության համար օգտագործել է Մակարով ատրճանակ, որը ինչ-որ մեկը թողել էր նրա մեքենայում։ Ընդ որում կրակելուց անմիջապես հետո կասկածյալը աղբն է նետել ատրճանակը»,- ասել է աղբյուրը։
Հանցագործությունը կատարելու պահին կասկածյալը սթափ է եղել։
Հիշեցնենք, որ սպանության օրը՝ հոկտեմբերի 16-ին Լեսնայա փողոցում նախկին ոստիկանը կտրել է Infiniti-ի ճանապարհը, ճանապարհային կոնֆլիկտը շարունակվել է մինչև Նովոսլոբոդկայա փողոց։ Երբ հայազգի վարորդը դուրս է եկել մեքենայից, «Ժիգուլիի» վարորդը մի քանի անգամ կրակել է նրա վրա։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի մայրաքաղաքային վարչությունում հայտնել են, որ 40-ամյա կասկածյալն ընդունել է իր մեղավորությունը։