Կարագը թանկացել է նաև Ռուսաստանում
Սերուցքային կարագը գնաճ է արձանագրել Ռուսաստանում: Այս մասին գրում է ռուսական rg.ru-ն՝ նշելով, որ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատությամբ գնաճը կազմել է 21, ըստ Ռուսաստանի նախագահին կից Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի` РАНХиГС-ի փորձագետների եզրակացության:
Սերուցքային կարագից բացի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ եթե նայենք, ապա կաթն էլ թանկացել է 8 տոկոսով: Հայտնի է, որ մեկ կիլոգրամ կարագ ստանալու համար օգտագործվում է 20 լիտր կաթ, և մեկի թանկացումը բերել է մյուս ապրանքատեսակի թանկացմանը, քանի որ մի ապրանքատեսակը հումք է հանդիսանում մյուսի համար:
Իրականում, սակայն, նշում են պարբերականի վերլուծաբանները, սա ընդամենը այսբերգի երեւացող հատվածն է: Այն, որ կա կաթի դեֆիցիտ, դա փաստ է և ռուս վերլուծաբանները դա կապում են անասնագլխաքանակի չպլանավորված կրճատման հետ: Միայն անցած տարի կաթի և կաթնային հումքի դեֆիցիտը Ռուսաստանում կազմել է 7-8 միլիոն տոննա, ինչը կազմում է ընդհանուր սպառման ծավալի 23 տոկոսը: Ռուսաստանում սպառվող սերուցքային կարագի 40 տոկոսը բերվում է դրսից, այսինքն` ներմուծվում է: