Ոստիկանությունն արձագանքում է Այնթապ համայնքի ղեկավարի` ռուսական պետհամարանիշերով մեքենա վարելուն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ համացանցում հայտնվել էր լուսանկար, որից պարզ էր դառնում, որ Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարն իր անձնական օգտագործման մեքենան վարում է ռուսական պետհամարանիշերով:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետն Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քննարկումների առիթ դարձած թեմային` գրելով հետևյալը.
«Ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Հարությունյանի էջում տեղադրել էր ռուսական պետհամարանիշերով մեքենայի լուսանկար եւ նշել, որ տարիներ շարունակ այդ մեքենան վարել են հայկական պետհամարանիշերով։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ նշված օ369вт199рус համարանիշերով երթևեկող «Մերսեդես » մակնիշի ավտոմոբիլը հայտնաբերվել է և վարորդը, փախարինված հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոց վարելու համար, ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ համարանիշերը առգրավվել են՝ սահմանված կարգով ոչնչացնելու համար»: