Փոստանջյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Երևանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի համար քրգործ հարուցելու պահանջով
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ։
Հաղորդագրության մի հատվածում ասվում է. «Երկիր Ծիրանի» կուսակցությունը առաջնահերթություն է համարում իրավունքի գերակայության սկզբունքի հարգումը և կոռուպցիայի դեմ պայքարը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանում չի գործում օրինական իշխանություն` տեղական ինքնակառավարման մարմինը բռնազավթված է և մինչև օրինական իշխանության ձևավորումը՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության խմբակցությունը, օգտվելով իրեն վերապահված իրավունքներից և ղեկավարվելով ազգային ու միջազգային օրենքներով.
-պատասխանատվության է կանչելու Երևանը քանդող, նրա բյուջեն և գույքը յուրացնող բոլոր պաշտոնյաներին,
-տարածման և հանրայնացման միջոցով հիմքեր է ստեղծելու իր ծրագիրը կյանքի կոչելու համար:
Տարոն Մարգարյանի, Սերգեյ Մակարյանի, Կամո Արեյանի և Լևոն Իգիթյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ. հոդված 143` քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, հոդված 161` կուսակցության գործունեությանը խոչընդոտելը և հոդված 258 ՝ խուլիգանություն»
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Երևանի ավագանու նիստին Կամո Արեյանը «Երկիր Ծիրանիի» անդամին ասել էր՝ «տեղդ վե՛ր ընկիր», իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանն էլ «Երկիր Ծիրանիի» անդամի հասցեին հայհոյանք էր հնչեցրել։