«Մեկ կտավ Երևանիս». ստեղծված նոր կտավն ի պահ է հանձնվել պատմության թանգարանին (լուսանկարներ)
Սարյան պուրակում առավոտյան մեկնարկած «Մեկ կտավ Երևանիս» գեղանկարչական միջոցառման շրջանակում արդեն օրվա երկրորդ կեսին ավարտական տեսքի է բերվել 1,60-2 մ չափով կտավը, որը հանդիսավորությամբ փոխանցվել է Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանին:
Այս տարվա կտավի ստեղծմանը մասնակցել են նկարիչներ Արթուր Մարտիրոսյանը, Սևադա Սարգսյանը, Մարտին Ղազարյանը, ինչպես նաև մայրաքաղաքի ստեղծագործական կենտրոնների և արվեստի դպրոցների սաներ ու ժամանակակից այլ նկարիչներ, ովքեր ինքնաբուխ միացել են ստեղծագործական գործընթացին:
Հարկ է նշել, որ արդեն 4-րդ տարին անընդմեջ իրականացվող այս նախագծի արդյունքում թանգարանին փոխանցված բոլոր կտավները նախատեսվում է հաջորդ տարի՝ Երևանի հիմնադրման հոբելյանական 2800-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում, ներկայացնել հանրությանը: