Ադրբեջանցիները գրքի տոնավաճառի հայաստանյան տաղավարից գողության փորձ են կատարել (լուսնակարներ)
Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի ընթացքում ադրբեջանցիները Հայաստանի տաղավարից գողության փորձ են կատարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
«Հոկտեմբերի 12-ին տոնավաճառում Հայաստանի տաղավար են մտել երկու ադրբեջանցի, վերցրել գրադարակին ծալված վիճակում դրված Հայաստանի և Արցախի մի քանի քարտեզ և Արցախի թեմայով քաղաքական վանկարկումներով տարել իրենց հետ:
Մենք կարգի հրավիրելու պահանջով հետևել ենք այս երկուսին մինչև Ադրբեջանի տաղավար, և ես իրենց տաղավարում արդեն ուժով ետ եմ վերցրել քարտեզներն ու վերադարձել: Անմիջապես տաղավար եմ կանչել ցուցահանդեսի անվտանգության աշխատակիցներին և ոստիկանությանը, նաև ցուցահանդեսի փոխտնօրեն Թոբիաս Վոսին և այլ պատասխանատուների: Ոստիկանությունն այս ամենն արձանագրել է և խոստացել միջոցներ ձեռնարկել»,-գրել է Տեր-Վարդանյանը նշելով, որ այդ ամենը լրատվամիջոցների կողմից տեսագրված է եւ առաջիկայում կհրապարակվի:
Այսօր արդեն իրենց լրատվամիջոցներում ադրբեջանցիները գրել են, թե իբր իրենք մտել են ինչ-որ «սեպարատիստների» տաղավար և պատռել քարտեզներ: «Ծանոթ ձեռագիր է: Փաստորեն այս ամենն արվում էր իրենց մամուլի համար: Եվ սա արվում է մի երկրի կողմից, որի տաղավարում քաղաքականությունն ու քարոզչությունը գերակշռում է գրականությանն ու մշակույթին»,-նշում է ՀՀ մշակույթի փոխնախարարը: