Այսօր հայ դրամատուրգ, հասարակական գործիչ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան օրն է
Սունդուկյան Գաբրիել Մկրտումի ծնվել է առևտրականի ընտանիքում 1825 թ.-ին։ Սունդուկյանը սկզբնական կրթությունն ստացել է հայագետ Հ. Շահան-Ջրպետյանի դպրոցում (1832-1837), սովորել գրաբար, աշխարհաբար, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն։
Ստեղծագործության երկրորդ շրջանում Սունդուկյանը գրել է լուրջ կատակերգություններ, որոնք բացահայտում են կյանքի դրամաները. դրանց մեջ ծիծաղը ներհյուսված է արցունքին։ Թատերագիրը կատարում է սոցիալական խոր ընդհանրացումներ, որոնք աննախընթաց էին հայ դրամատուրգիայի պատմության մեջ։ «Էլի մեկ զոհ» (1884) պիեսի կոնֆլիկտը տեղի է ունենում հայրերի ու որդիների միջև։ Որդիները զոհում են իրենց սերը ծնողների՝ դրամի վրա խարսխված բռնակալական ձգտումներին։ «Էլի մեկ զոհ»–ը, ըստ էության, հայ առաջին դրաման է, որտեղ տրված է ընտանիքներում եղած ներքին բախումը, որը լայնանում ու դառնում է հասարակական ու սոցիալական կոնֆլիկտ։
Սունդուկյանի տաղանդի արգասիքն է «Պեպո» (1876) կատակերգությունը։ Պիեսը պատկերում է երկու հակադիր սոցիալական խավերի՝ բուրժուազիայի ու ժողովրդական զանգվածների հակադրությունը։ Դրական հերոսները ունեն վեհ արժանապատվություն և հոգեկան բարձր հատկանիշներ։ Պեպոյի կերպարը ժողովրդի խոհերի, վշտի, ինքնագիտակցության արտահայտությունն է։ Նրա ողբերգությունը հասարակական մի ամբողջ խավի ողբերգությունն է։ Իրականության գեղարվեստական պատկերը Սունդուկյանը ստեղծել է գործողության զարգացմամբ, կենդանի անհատականությունների միջոցով։ Սունդուկյանը սոցիալական հզոր բողոքով խարազանում է տիրողների արատավոր բարոյականությունը։ «Պեպո»-ն հայ ռեալիստական դրամատուրգիայի ամենանշանակալից երևույթն է և ունի քննադատական հզոր շերտեր։ Պիեսի բեմադրությունը 1871–ի ապրիլին ունեցել է հսկայական հաջողություն։
Սունդուկյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով, բառի ճշգրիտ և տեղին գործածումով։ Նա գրել է թիֆլիսահայ բարբառով՝ հասարակ ժողովրդին հասկանալի լինելու համար, օգտագործել ժողովրդական բանահյուսությունը, վարպետորեն կառուցել գործողությունը, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, ինչպես նաև դրության և խոսքի կոմիզմ։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն հայ դրամատուրգիայի, այլև հայ գրականության հետագա զարգացման վրա։ Հ. Թումանյանը նրան որպես երկրորդ մեծ «թիֆլիսեցու» դրել է Սայաթ-Նովայի կողքին։
Գաբրիել Սունդուկյանը վախճանվել է 1912 թ.-ին և թաղվել է Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնում: