Շատ կուզենայի, որ պանթեոնում Թումանյանի գերեզման դրվեր. Թումանյանի թոռնուհին փոխանցել է իր փափագը
2018 թվականին նշվելու է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը։ Մշակույթի նախարարությունը կապ է հաստատել Գերմանիայում բնակվող Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանի հետ, հետաքրքրվել, թե ձեռնարկված միջոցառումները որքանով են համահունչ մեծ բանաստեղծի ընտանիքի ցանկություններին:
«Իհարկե, ինչպես անցավ 100-ամյակը, մտածում եմ, որ հնարավոր չի անել։ Բայց ինչ-որ մի փոքրիկ բան կարելի է անել, տարբեր երկրներից հրավիրել Թումանյանի և նրա ստեղծագործությունների թեմաներով աշխատող մարդկանց»,- ասել է նա:
Թումանյանի թոռնուհու կարծիքով, պետք է հրատարակվեն Թումանյանի ստեղծագործության և կյանքի մասին պատմող լավագույն գրքերը, որոնց վրա մարդիկ տարիներ շարունակ աշխատել են։ Նա նաև նշել է, որ վատ չէր լինի, եթե Թումանյանի ստեղծագործությունների ռուսերեն որակյալ ժողովածու էլ հրատարակվեր։ Անձամբ ինքն արդեն խմբագրման է հանձնել Թումանյանի կնոջ՝ Օլգա Թումանյանի մասին գիրքը, որը հրատարակելու է «Էդիտ պրինտը». «Պատրաստել ենք նաև «Թումանյանը՝ քննադատ» ժողովածուն: Վերջին անգամ հրատարակվել է 1939թ.։ Այդ հրատարակությունից ժամանակի թելադարանքով դուրս մնացած որոշ հոդվածներ եմ ավելացրել»։
Իրմա Սաֆրազբեկյանը փոխանցել է իր փափագը, որ շատ վաղուց է եղել իրենց ընտանիքում. «Թումանյանի աճյունը Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատնից տեղափոխել պետք չէ, բայց շատ կուզենայի, որ շիրմից մի բուռ հող բերվեր Հայաստան, «Կոմիտաս» պանթեոնում Թումանյանի փոքրիկ գերեզման դրվեր, այդտեղ ամփոփվեր... Որպեսզի Թումանյանն էլ լինի իր միջավայրում՝ որտեղ մեր մյուս գրողներն են»։
Հովհաննես Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարանում բանաստեղծի սիրտն է թաղված։ 1994 թվականին այն Հայաստան բերվեց Թբիլիսիի բնակարանից, որտեղ պահվում էր։
Իրմա Սաֆրազբեկյանի մյուս ցանկությունն է, որ Դսեղի տուն-թանգարանի հարևան երկու սենյականոց տունը, որը երրորդ անձի է վաճառել Հովհաննես Թումանյանի եղբոր ծոռը, ձեռք բերվի և միացվի թանգարանին, որը «նեղվածքի մեջ է». «Այդտեղ կարելի է ցուցադրություններ կազմակերպել, այլ միջոցառումներ: Մենք ամեն տարի Թումանյանի իրերից, մասունքներից որևէ նվեր ենք անում թանգարանին։ Եթե տարածք լինի, էլի իրեր կտեղափոխենք Թբիլիսիից»։
Իրմա Սաֆրազբեկյանն որդու հետ բնակվում է Գերմանիայում: Նա հույս ունի, որ Հայաստան են գալու. «Կուզենամ բնակվել Դսեղում, որտեղ Թումանյանն է ծնվել»։