Բաներ կան, որոնց մասին չի կարելի բարձրաձայնել, ամոթ է․ Ռուբեն Մաթևոսյանը՝ մինչ այժմ փոքր բնակարանում ապրելու մասին
Ինչպես հայտնի է՝ Երևանի ավագանին այսօր հրավիրած իր արտահերթ նիստում բնակարաններ կտրամադրի Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի Ռուբեն Մաթևոսյանին և ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանին։
Երգչին կտրամադրվի 62.7 քմ մակերեսով բնակարան Սիսակյան փողոցում։ Նա իր կնոջ, որդու ընտանիքի, մյուս որդու և դստեր հետ բնակվում է մեկ հարկի տակ` փոքր բնակարանում: Նույն շենքից բնակարան կստանա նաև Ռուդոլֆ Ղևոնդյանը։
«Ժողովուրդ»-ը Ռուբեն Մաթեւոսյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ պայմաններում է մինչև այժմ ապրում, արդյո՞ք նա քաղաքապետին խնդրել բնակարան տալ, թե՞ դա հենց վերջինիս նախաձեռնությունն է։ Մենք Ռուբեն Մաթևոսյանին հարցրինք՝ ինչպե՞ս էր պատահել, որ մինչև այսօր իրեն բնակարան չէին տրամադրել. «Չեմ կարող ասել, ես ուղղակի շատ շնորհակալ եմ, որ ինձ նկատել են։ Դա քաղաքապետի նախաձեռնությունն է եղել, ինքն է որոշել այդ քայլին գնալ։ Սա երևի թե 56-57 տարվա իմ կատարած աշխատանքի լավագույն գնահատականներից մեկն է»,-մեկնաբանեց երգիչը։
Նա նաև հավելեց, որ թեև իր բնակարանը մեկ սենյականոց է, որտեղ մինչ օրս ապրել են ինքը, կինը, երեք երեխաները, հարսը, թոռները, ինքը երբեք չի դժգոհել այդ վիճակից. «Հակառակը, միշտ ուրախացել եմ, որ ուրիշներին մի սենյակ են տվել, հետո՝ բաներ կան, որ չի կարելի բարձրաձայնել, ամոթ է»։