Մալկովիչը նախապատրաստվում է Արամ Խաչատուրյանի անվան փառատոնի բացմանը
Երաժշտությունը համամարդկային ուժ է պարունակում, հատկապես կենդանի և հատկապես դասական երաժշտությունը: Այդ մասին Երևանում հայտարարել է ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը, որը հոկտեմբերի 11-ին կմասնակցի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացմանը։
Panorama.am-ը հայտնում է` Փառատոնը մեկնարկելու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ Մալկովիչի ելույթով՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Համերգին Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։
Ջոն Մալկովիչն ասել է, որ այս գործն առաջին անգամ կատարվել է 2015-ին Սեուլում, այնուհետև 2016-ին Բուենոս Այրեսում: «Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» վեպի մի մասի ադապտացիան եմ օգտագործել տեքստի մեջ: Վեպի այդ հատվածը, որն օգտագործել եմ, կոչվում է «Պատում կույրերի մասին»,- ասել է նա:
Ջոն Մալկովիչի խոսքով, դասական երաժիշտների հետ արդեն 8 կատարում ունեցել է, հիանալի ապրումներ են, միշտ մեծ բավականություն է ստանում նրանց հետ աշխատելիս:
«Երաժշտությունն իրենով համամարդկային ուժ է պարունակում, հատկապես կենդանի և հատկապես դասական երաժշտությունը»,- ընդգծեց հայտնի արվեստագետը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է ընտրում գրական գործերը, ինչպիսին է ամբողջ աշխարհում հետաքրքրությունը գրականության նկատմամբ՝ նա նշել է. «Երբ երաժշտական գործ եմ լսում, պետք է բազմիցս լսեմ, մինչև որոշեմ, որ այդ երաժշտական գործին կարող եմ համակցել տվյալ տեքստը: Տեքստը չի կարող մրցել երաժշտության հետ, պետք է տեքստը սահի, համադրվի, իր տեղը գտնի երաժշտության կողքին, երաժշտության մեջ: Տեքստը երաժշտության հետ զուգակցելը միշտ մարտահրավեր է, բարդ գործ է: Նման գործ կատարելիս՝ ձգտում ես արվեստի երկու ձևը փոխլրացնող դարձնես»:
Պատասխանելով հարցին, թե որն է լավ երաժշտության, լավ ֆիլմի, արվեստի լավ գործի հարատևության գրավականը, Մալկովիչն ասել է. «Հարատևում են այն գործերը, որոնք խորությամբ են դիպչում, հասնում մարդուն»: