Գլազևը Ադրբեջանի համար թշնամի է դարձել
1in.am-ը գրում է.
ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն օրերս անդրադարձել էր ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության թեմային և հայտարարել արդեն ներկայացված անդամակցության հայտի մասին։
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանություններն այդ ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկել՝ հայտարարելով, որ այս կամ այն կազմակերպությանն անդամակցելիս պետությունը մշտապես ելնում է իր ազգային շահերից, և Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դրված չէ օրակարգում։
Հրապարակման մեջ ասվում է, որ Ադրբեջանի իշխանությունները հաշվի են առնում նաև այն, որ անդամակցությունը հղի է ձգձգումներով, ինչպիսիք են այդ կազմակերպության վերազգային կառույցների ճնշումը, ԵԱՏՄ կազմի մեջ չմտնող երկրներից ներկրման թանկացումը, սուր բացասական արձագանքն Արևմուտքի կողմից՝ իր բոլոր հետևանքներով, գազային մրցակցությունը Ռուսաստանի հետ և այլն։
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Հուսեյնաղա Սադիխովը պարբերականի հետ զրույցում ընդգծել է, որ Գլազևը ցանկալին ներկայացնում է որպես իրականություն։ Նա հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կախված է Հայաստանից։
«Բաքուն հավասարակշռված քաղաքականություն է վարում։ Եվ չնայած դա հեշտ չէ, նման դիրքորոշումն անփոփոխ է մնում արդեն 25 տարի։ Ո՞ր հոդվածով նա պետք է փոխի իր սկզբունքերը, եթե ԵԱՏՄ անդամակցությունից ոչինչ չի շահելու։ Դեռ չասած այն մասին, որ Ադրբեջանը հիանալի երկկողմ հարաբերություններ ունի ԵԱՏՄ անդամ շատ երկրների հետ, այդ իսկ պատճառով Բաքուն կշարունակի իր ավանդական քաղաքականությունը»,-նշել է դիվանագետը։
Հրապարակման մեջ նշվում է, որ եթե Ադրբեջանը ցանկանա անդամակցել, ապա Երևանը չի կարող դրան դիմակայել. իսկ Ադրբեջանի համար ուղին դեպի ԵԱՏՄ անցնում է «օկուպացված տարածքների վերադարձման միջով»։