Հայտնի է դարձել Լաս Վեգասի հրաձգի՝ հյուրանոցային համարում թողած գրության բովանդակությունը
Լաս Վեգասում տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած հրաձգի հյուրանոցային համարում գտնված գրության մեջ մարդասպանը կատարել է տեխնիկական հաշվարկներ, որպեսզի կարողանա հնարավորինս շատ մարդ սպանել, այս մասին հայտնի է դարձել Լաս Վեգասի հարձակման գործով հետաքննության ընթացքում:
CBS հեռուստաալիքի եթերում հրաձիգի թողած նոթերից որոշ մանրամասներ են ներկայացրել գործին մասնակից չորս իրավապահներ: Հենց նրանք են առաջինը տեսել մարդասպան Սթեֆեն Փեդոքի մարմինն ու զենքը:
Ոստիկանության հրամանատար Դեյվ Նյութոնը պատմել է, որ հյուրանոցային համարի վրա գրոհի ժամանակ նա նկատել է մարդասպանի թողած գրությանը պատուհանի մոտ գտնվող սեղանիկի վրա:
Փեդդոքը թղթի վրա գրանցել էր իր գտնվելու վայրի բարձրությունն ու հեռավորությունն ու փորձել հաշվարկել, թե որ դիրքից ավելի հարմար կլինի հնարավորինս շատ մարդ սպանել:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում քանթրի ոճի երաժշտության փառատոնի այցելուների ուղղությամբ կրակ բացած անձը մուլտիմիլիոնատեր էր: 64-ամյա Ստեֆեն Փեդոքի եղբայրը պատմել է, որ նա միլիոններ էր աշխատել անշարժ գույքի գործարքներից: Նա նաև երկու ինքնաթիռ ուներ և մի քանի սեփականություն ԱՄՆ-ում։ Ըստ հրաձգի եղբոր՝ նա նորմալ մարդ էր թվում՝ խաղամոլությունից զատ:
Այնուամենայնիվ, նա գաղտնի կերպով հավաքել էր 42 միավոր հրազենից բաղկացած հսկայական զինանոց: Այդ հրացաններից 23-ը մի քանի օրվա ընթացքում տեղափոխել է հյուրանոցային համար:
Իրավապահների փոխանցմամբ՝ հրաձիգն ինքնասպան է եղել: