Ընկերներ կոլխոզի նախագահ չենք ընտրում, այլ կինոմիության նախագահ. կինոգործիչները չեն կողմնորոշվում
Այսօր Հայաստանի կինեմատոգրաֆիստներն ընտրում են նոր նախագահ։ Առավոտյան ժամը 11։30-ից մեկնարկած համաժողովը, որին 187 անդամներից ներկա են 150-ը, ընթանում է բարդ, քանի, որ կինոգործիչները, կարծես թե, 5 հոգով 6 երգ են երգում ու 2 ժամ անց ի վերջո, թեպետ, ընդհանուր հայտարարի չեկան, բայց ընտրեցին վարչության անդամներ և վերստուգիչ հանձնաժողով։
Համագումարը նախագահող Ռուդոլֆ Վաթինյանը ճարը կտրած դիմեց աղաղակող կինոգործիչներին. «Ընկերներ կոլխոզի նախագահ չենք ընտրում, այլ կինոմիության նախագահ»։
Համագումարի սկզբում ելույթ ունեցավ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և հաջողություն մաղթելով կինոգործիչներին ասաց. «Արժանի նախագահ կլինի նա, ում կընտրեք դուք՝ կինոգործիրներդ», ապա խորհուրդ տվեց նրանց ուշադիր կարդալ կինոյի մասին օրենքը, քանի որ կինոյի օրենքից շատ բան է կախված։
Ի դեպ, համագումարին ներկա են կինոպրոդյուսեր, դերասան Արմեն Մեդվեդևը և կինոռեժիսոր Ռոման Բալայանը։
Այս պահին ելույթ են ունենում երեք թեկնածուները, որին կհաջորդի քվեարկությունը։
Հիշեցնենք, որ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնի համար կա 3 թեկնածու՝ Գևորգ Գևորգյանը, Հարություն Խաչատրյանը և Վահե Գևորգյանցը։