Մեղրիում 22-հարկանի խաղատուն կկառուցվի
Սյունիքի մարզային իշխանությունը պատրաստվում է Մեղրիի տարածաշրջանում խաղատուն կառուցել, որը նախատեսված կլինի հիմնականում իրանական շուկայի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։
«Այնպես ստացվեց, որ արտերկրից մի քանի ներդրողների շահագրգռեցի, ովքեր հոկտեմբերի 15-ից հետո գալու են տեղում ծանոթանալու տարածքին, նախագծին։ Ես չեմ հասկանում ինչո՞ւ մինչև այժմ այնտեղ կազինո չի կառուցվել։ Եթե այնտեղ կա մարդ, որն ուզում է գալ իր փողը թողնել գնալ, ինչու մենք դա չանենք»,- նշել է մարզպետը։
Վահե Հակոբյանի խոսքով՝ խաղատան կառուցման համար բավականին մեծ գումար է անհրաժեշտ, բայց նույն ներդրողները շատ լավ հասկանում են, թե այն որքան եկամուտ կարող է բերել։
Ըստ նախագծի՝ Մեղրիի խաղատունը 22 հարկ է ունենալու, 102 հյուրանոցային սենյակ, խաղասենյակներ, ռեստորաններ, սրճարաններ և ուղղաթիռի կայանատեղի։
«Այնպես ենք ուզում անել, որ ոչ թե ամբողջ գիշեր խաղան, այլ գան ապրեն այդտեղ։ Մենք առաջարկել ենք նախագիծ, եթե արժենա ներդրողների հավանությանը, շատ լավ, եթե ոչ` մենք պատրաստ ենք դիտարկել ցանկացած նախագիծ»,- հավելել է Սյունիքի մարզպետը: