Ես սերիալ նայող տեսակ չեմ. Անի Ամիրյան
Life.panorama.am-ը գրում է. Մհեր Մկրտչյանի «Հոսանքին հակառակ» ֆիլմաշարն իր անսպասելի իրադարձություններով արդեն հասցրել է գրավել հեռուստադիտողին: Սերիալներ դիտել չսիրող Անի Ամիրյանը մեծ ուշադրությամբ է հետեւում այս ֆիլմարաշարի զարգացումներին և, իր խոսքով, ոչ թե այն պատճառով, որ ինքը ևս նկարահանվել է այստեղ, այլ Մ. Մկրտչյանը կարողացել է առաջին սերիայից հետո լարված պահել հեռուստադիտողին եւ այդ թվում նաեւ իրեն:
«Երբ սկզբում սցենարին ծանոթացա, արդեն հասկացա, որ հետաքրքիր մի բան է լինելու, սակայն հետաքրքրությունը կրկնապատկվեց արդեն հեռուստատեսային ցուցադրության ժամանակ: Խոստովանում եմ, որ շատ լարված հետևում եմ զարգացումներին: Բայց այստեղ պետք է շեշտեմ, որ սերիալը չեմ նայում նրա համար, որ ես էլ եմ խաղում այնտեղ: Ես սերիալներ առհասարակ չեմ նայում, ու կապ չունի դրանք հայկական են, հնդկական են, ամերիկյան, թե բրազիլական, ես սերիալ նայող տեսակ չեմ ու զարմանում եմ, թե ինչպես եմ ամեն օր սպասում այս ֆիլմաշարին: Այստեղ կա հետաքրքիր սյուժե, հավաքված են տաղանդավոր դերասաններ, այն նախադեպը չունեցող աշխատանք է, և ի վերջո, այն նկարահանել է ինձ շատ հարազատ մարդ, այնպես որ այն դիտելու օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ ունեմ»,- կայքի հետ զրույցում նշեց Անի Ամիրյանը:
Անդրադառնալով դերասանական արվեստում իր առաջին քայլերին՝ Անին պատմեց մեկնարկի մասին.
«Իրականում «Հոսանքին հակառակ» հեռուստասերիալն իմ առաջին քայլը չէ: Դրանից առաջ կրկին Մհերի առաջարկով նկարահանվել եմ մեկ այլ ֆիլմում, որի մասին չեմ մանրամասնի, քանի որ այն դեռեւս չի ցուցադրվել: Հենց այդ ֆիլմում, այսպես ասած, փորձաշրջան անցնելուց հետո Մհեր Մկրտչյանից առաջարկ ստացա նկարահանվել «Հոսանքին հակառակ» ֆիլմաշարում: Իրականում, ես ու Մհերը ընտանիքներով շատ մտերիմ ենք դեռ այն ժամանակից, երբ նա եկավ Հայաստան: Այսինքն` մեր մեջ հատուկ պաշտոնական հրավեր կամ հարաբերություն չկա, ամեն ինչ ստացվեց ինքնաբերաբար»,- պատմեց մեր զրուցակիցը, իսկ հարցին` մտերմությունը օգնում, թե խանգարում է, պատասխանեց.
«Մենք շատ լավ տարանջատում ենք մտերմությունը աշխատանքից: Նկարահանման հրապարակում մենք գործընկերներ ենք. ես ենթարկվում եմ ռեժիսորի բոլոր հրահանգներին, իսկ նա էլ, որպես դերասանուհու, ինձնից փորձում է ստանալ մաքսիմումը իմ կարողությունների շրջանակում: Ինձ երբեք ավել բան թույլ չեմ տա մեր մտերմության հաշվին, երկուսս էլ գիտակ ու հասուն մարդիկ ենք, ուստի մտերմությունը միայն աշխատանքային պրոցեսից դուրս է»:
Մանրամասները՝ այստեղ.