Պայթյուն Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում հոկտեմբերի 4-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 4 զինվոր, ևս 4-ը վիրավորվել են։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Պայթյունի պատճառը եղել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից նախապես ճանապարհին տեղադրված ինքնաշեն ռումբը։ Տուժածները տեղափոխվել են Յուքսեքովայի պետական հիվանդանոց։ Պայթյունի կազմակերպիչներին հայտնաբերելու նպատակով լայնածավալ աշխատանքներ են սկսվել, դեպքի վայր են բերվել բազմաթիվ զրահամեքենաներ։ Հաքքարիի նահանգապետարանը դեպի առթիվ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «04․10․2017թ․ մեր նահանգի Յուքսեքովա շրջանում զինվորական մեքենայի ընթացքի ժամանակ գործարկվել է անջատողական ահաբեկչական խմբավորման անդամների կողմից նախապես ճանապարհին տեղադրված ինքնաշեն ռումբը, ինչի հետևանքով 4 զինվոր զոհվել է, 4-ը վիրավորվել։Դեպքի հետաքննությունը շարունակվում է»։