Սփյուռքի նախարարը մասնակցեց բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի ցուցահանդեսի բացմանը
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցեց Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ, ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ, Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության, Հայաստանի ազգային պատկերասրահի և Սոֆիայի քաղաքային պատկերասրահի աջակցությամբ կազմակերպված բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի «Նավամատույցներ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արք. Հովհաննիսյանը, Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, հասարակական, քաղաքական գործիչներ, արվեստագետներ:
Ավելի քան 90 գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները ներկայացնոմ են Հայաստանի, Սիլիստրայի, Բալչիկի, Դոբրուջայի գեղատեսիլ վայրերն ու գողտրիկ անկյունները: Ընդգրկված են աշխատանքներ ընտանիքի ու մասնավոր հավաքածուներից, Սոֆիայի քաղաքային պատկերասրահից, Սիլիստրայի, Վառնայի, Տուտրականի, Պազարջիկի, Դոբրիչի, Պլովդիվի պատկերասրահներից, Սիլիստրայի հայկական առաքելական եկեղեցուց, որոնք ներկայացնում են բնանկարներ, քաղաքային ու ծովային տեսարաններ, ինչպես նաև մեկ սրբապատկեր և եկեղեցու զարդապատկերների վերատպություններ: Ցուցադրությունը կգործի սույն թվականի հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 3-ը: