Շերը միլիոնավոր դոլարներ է կորցրել
Աշխարհահռչակ մերիկահայ երգչուհի Շերը դատական հայց է ներկայացրել «Altor» դեղագործական ընկերության դեմ՝ ֆինանսական խարդախություններ իրականացնելու համար: Այս մասին հայտնել է «The Hollywood Reporter»-ը։ Երգչուհին ընկերության գործունեության հետաքննություն և գումարի վերադարձ է պահանջում։
Շերը, հետաքրքրվելով ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, ինչպես նաև քաղցկեղային հիվանդությունների բուժման հեռանկարային դեղամիջոցով, մի քանի միլիոն դոլարով Լոս Անջելեսում բնակվող միլիարդատեր Պատրիկ Սոոն-Շիոնգից գնել է «Altor» ընկերության բաժնեմասերը:
Գործարքից ստացված գումարները պետք է ուղղվեին դեղամիջոցների մշակմանը։
«Այն բանից հետո, երբ Շերի գումարները բարեհաջող կերպով փոխանցվել են ընկերության բանկային հաշվին, հիվանդների բոլոր կլինիկական տվյալները թաքցվել են Շերից, և նա երբեք չի ստացել տեղեկություններ՝ հիվանդների բուժման արդյունքների կամ կլինիկական փորձարկումների հաջողությունների մասին»,-նշվում է հաղորդագրության մեջ: