Եվրահանձնաժողովն ապօրինի է ճանաչել Կատալոնիայում անկախության հանրաքվեն
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ կիրակի Կատալոնիայում անցկացվել է Իսպանիայից անկախացման հանրաքվե, որը Մադրիդն անօրինական է համարում, եւ որի անցկացումն արգելափակել էր թագավորության Սահմանադրական դատարանը:
Եվրահանձնաժողովն ապօրինի է ճանաչել Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին անցկացված անկախության հանրաքվեն, որը ուղեկցվել է իրավապահների հետ կատալոնացի ընտրողների զանգվածային բախումներով:
Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովը Իսպանիայի կենտրոնական իշխանություններին Կատալոնիայի անկախության կողմնակիցների հետ երկխոսելու կոչ է արել:
Ինչպես հայտնում է BBC-ին, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը, հղում կատարելով Իսպանիայի Սահմանադրությանը, նշել է, որ համաձայն իսպանական մայր օրենքի՝ Կատալոնիայում անցկացված քվեարկությունն ապօրինի էր:
Նրա խոսքով, Կատալոնիայի անկախությունը Իսպանիայի ներքին գործն է, որը պետք է կարգավորվի Իսպանիայի Սահմանադրության համաձայն: Սակայն Եվրահանձնաժողովը միաժամանակ հիշեցրել է, որ «բռնությունը երբեք չի կարող քաղաքականության գործիք լինել»,- ասել է նա:
Նա կողմերին երկխոսելու կոչ է արել և հիշեցրել, որ երկուշաբթի Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Կատալոնիայի իրավիճակը կքննարկի Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ: