Կատալոնիայի հայերն անտարբեր են հանրաքվեի նկատմամբ
Իսպանիայից անկախանալու հարցով Կատալոնիայում ընթացող հանրաքվեի արդյունքները քիչ են հուզում տեղի հայերին։ Նրանք ապրում են իրենց չքաղաքականացված կյանքով և կընդունեն ցանկացած արդյունք։ Այս մասին Armenia.IM -ի հետ զրույցում նշել է Բարսելոնայի հայկական «Կռունկ» կազմակերպության ղեկավար Նարինե Մարկոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր Կատալոնիայում ոստիկանության հետ դիմակայության առկայությամբ ընթանում է ինքնավարության անկախության հարցով հանրաքվեն։ Ոստիկանության կողմից անկախության կողմնակիցների դեմ ռետինե փամփուշտներ են կիրառվել։ Տեղեկություններ են ստացվում 37-340 վիրավորի մասին։ Տեղի իշխանությունները քննադատել են ոստիկանությանն ուժ կիրառելու համար։
Կատալոնիայի ժեներալիտատի (կառավարության) նախագահ Կառլես Պուչդեմոնը քվեարկել է Իսպանիայից Կատալոնիայի անկախության հանրաքվեում։
Կատալոնիայում ապրում է Իսպանիայի բնակչության մոտ 16%-ը։ Իսպանիայից արտահանման մոտ 25,6%-ը բաժին է ընկնում Կատալոնիայում արտադրված ապրանքներին։