Մոսկվան կօգտագործի Անկարայի տարածաշրջանային մեկուսացման խնդիրը` իր դիրքերի ուժեղացման համար
Մեծ Մերձավոր Արևելքում Թուրքիայի տարածաշրջանային կշիռը նվազում է: Ընթանում են Թուրքիայի մեկուսացման միտումներ` մի քանի ուղղություններով: Խորանում է լարվածությունը Գերմանիա-Թուրքիա, ԵՄ-Թուրքիա հարաբերություններում, հակասությունները շարունակվում են ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:
Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն նոր կայծ հաղորդեց Իսրայելի հետ հարաբերությունների սառեցմանը: Էրդողանը օրերս բացահայտ հայտարարեց, որ Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեի հետևում կանգնած է իսրայելական Մոսադը:
Իրաքյան Քուրդիստանի անկախացման հարցի առնչությամբ թեև համընկնում են Անկարայի և Թեհրանի շահերը, սակայն թերևս այստեղ էլ հարցը միանշանակ չէ: Թուրքիան միևնույն ժամանակ փորձում է քրդական հարցը օգտագործել Իրան-Իսրայել հակամարտությունը խորացնելու նպատակով: Իսկ այն, որ Իրանն ու Թուրքիան շարունակում են լինել մրցակիցներ տարածաշրջանում, կասկածից վեր է:
Այս ամենի համատեքստում միանշանակ դրական չեն հարաբերությունները Ռուսաստանի ու Թուրքիայի միջև` Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունից, Թուրքիայի կողմից ռուսական ռմբակոծչի խոցումից հետո: Կարծում եմ, Մոսկվան կօգտագործի Անկարայի տարածաշրջանային մեկուսացման խնդիրը` Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում իր դիրքերի ուժեղացման համար:
Կարեն Վերանյան, ֆեյսբուք: